Մայիսի 31-ը` Ս. Հռիփսիմյանց տոն
Սեղմել այստեղ` Տեսահոլովակը դիտելու համար
Լուսանկարների սրահ
Մայիսի 31-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Ս. Հռիփսիմյանց նահատակ կույսերի տոնը:
Տոնական այս օրը նաեւ ուխտի օրն է Ս. Հռիփսիմե վանքի, եւ ավանդաբար այդ օրը Մայր Աթոռից եկեղեցական հանդիսավոր թափորով Ս. Հռիփսիմե վանք է տարվում ս. Հռիփսիմեի մասունքն ամփոփող Աջը:
Միաբանական հերթական հավաքի առիթով Մայր Աթոռում ժողովված իննսունհինգ միաբաններից, թեմակալ առաջնորդներից կազմված հանդիսավոր թափորը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առավոտյան ուղղվեց դեպի Ս. Հռիփսիմե վանք` մեծ խանդավառություն առաջացնելով քաղաքի բնակչության շրջանում: Ճանապարհին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նահատակ կույսի մասունքով օրհնում էր բարեպաշտ ժողովրդին:
Վանքում, ուր ժողովվել էին տարբեր համայնքներից ժամանած բազում ուխտավորներ, մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Ս. Հռիփսիմե վանքի վանահայր Տ. Մատթեոս աբեղա Պողոսյանը:
Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց Անդաստանի արարողություն եւ մատաղի օրհնություն, ապա գեղարվեստական հայտագրով հանդես եկան Էջմիածնի Հայորդյաց տան գեղարվեստական խմբակների սաները: